Մատչելիության հղումներ

Ի՞նչ է փոխվել, որ Էրդողանը պնդում է՝ Երևանը հիմա «ավելի ճկուն է միջանցքի հարցում»


«Ազատությունն» այսօր զրուցել է Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ի՞նչ է փոխվել, որ Էրդողանը Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասում է, թե Երևանը հիմա «ավելի ճկուն է միջանցքի հարցում»:

Բադալյան. - Մենք տեսնում ենք՝ սպրդում են տարբեր ինֆորմացիաներ, վերջինը, որ ամերիկյան առաջարկ կա այդ մասնավոր կազմակերպության վերաբերյալ, թեպետ առ այսօր Միացյալ Նահանգներից պետական պաշտոնական դիրքորոշում դրա վերաբերյալ կարծես թե չի եղել, ինչը հետաքրքիր է, բայց նաև գիտենք, որ այդ գաղափարը նոր չէ: Նաև շատ ակտիվ է Եվրամիությունը տրանսպորտային այս միջանցքը կառուցելու հարցում, Չինաստանի ակտիվությունն է նկատվում, սրան զուգահեռ Ռուսաստանից հնչում են հայարարությունները, որ միայն եռակողմ պայմանավորվածություններով է հնարավոր այդ հարցերը լուծել: Իրանն ինչ դիրքորոշում ունի, եթե հաշվի առնենք Չինաստանի հետ մերձեցումը և այլն, այսինքն, այստեղ բազմաթիվ հարցեր կան: Բայց որո՞նք են դետալները, ինձ հայտնի չէ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդ ամերիկյան առաջարկների վերաբերյալ տեղեկատվությանն արձագանքեց, որ բազմաթիվ տարբերակներ կան տարբեր գործընկերներից, իրարամերժ մոտեցումները շատ են, մրցակցությունը շատ սուր է, խաղադրույքը բարձր է: Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ ինչ է խոսել Ստամբուլում, բայց երբ ինչ-որ բան փոխվում է, և մենք տեսնում ենք նաև Եվրոպայի ակտիվություն, ամերիկյան առաջարկների մասին խոսակցություն, սա նշանակում է, որ պետք է Թուրքիայի մոտեցումն էլ ճկուն լինի, որովհետև եթե Թուրքիայի մոտեցումը ճկուն չլինի, չեմ պատկերացնում ոնց է հնարավոր, օրինակ, ամերիկյան մոտեցումներ առաջ տանել, եվրոպական մոտեցումներ: Թուրքերը հայտարարում են, որ այդ միջանցքը ռազմավարական մոտեցում է, Էրդողանը խոսեց Բուդապեշտում մի քանի շաբաթ առաջ:

«Ազատություն». - Իսկապե՞ս այդ բեռների հսկողության հարցն էական չէ՞, որ եթե Հայաստանի տարածքով պիտի, օրինակ, ադրբեջանական բեռներ անցնեն, և այդ ճանապարհի ինքնիշխանությունն ամբողջությամբ Հայաստանինն է կամ հակառակը՝ եթե հայկական մեքենան պիտի Ադրբեջանի տարածքով անցնի Ադրբեջանի վերահսկողությամբ, իրո՞ք երրորդ ուժի անհրաժեշտություն այդտեղ չի առաջանում:

Բադալյան. - Եթե խոսում ենք զուտ վստահության տեսանկյունից, իհարկե, այդ վստահությունը չկա, որպեսզի երկու կողմերը այդպես աշխատեն: Միայն ամբողջը կենտրոնացված է Մեղրիի շուրջ, սա բերում է հարցադրումների: Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է իրերի դրությունն այդպես: Նաև կա մյուս հանգամանքը, երբ մենք խոսում ենք երրորդ կողմի ներգրավվածության մասին, սա նշանակում է, որ այդ երրորդ կողմը պետք է ներգրավվի ինչ-որ մի իրավասության հաշվին, Հայաստանի Հանրապետության ինչ-որ իրավասության հաշվին, հետևաբար դա ստացվում է, որ ինքնիշխանության ինչ-որ սահման պետք է զիջվի այդ 3-րդ կողմին, այլապես այդ երրորդ կողմի իմաստը ո՞րն է: Այստեղ արդեն միայն տեխնիկական է դառնում տարբերությունը՝ էդ երրորդ կողմը ինչ-որ պետություն է, թե մասնավոր կազմակերպություն, որի վրա երրորդ պետությունները ունենալու են ոչ պակաս ազդեցություն, բայց մենք չենք ունենալու որևէ ազդեցություն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև




XS
SM
MD
LG