Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն:
«Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն Մանուկյանը, չի ապահովվում փաստաբանների մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։ Պաշտպանի հանձնարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Քննչական վարչություն», - ասված է հաղորդագրությունում:
Այս դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, նշված է ՄԻՊ հայտարարությունում:
Ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տեղեկացրել է, որ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ անդամների տներում, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը:
Գեղամ Մանուկյանը հայտնել է, որ իր հեռախոսն առգրավել են, իսկ տղային ձերբակալել՝ մանրամասնելով. - «Ցանկանում էին առգրավել հեռախոսս, բացատրեցին, որ Ազգային ժողովի պատգամավորի անձնական իրերն իրավունք չունեն, դատական որոշման մեջ էլ չկար հիշատակում: «Երկիր մեդիա»-ի կասետներից տարան, որի վրա գրված էր «կնունք», համակարգիչներից մեկը տարան, Տարոնի հեռախոսը: Զննեցին հեռախոսս, հետաքրքրեց մի անուն, որը հիմա քաղաքական իշխանական շրջանակներով փորձում են թիրախավորել: Փորձեցին բռնի ուժով բան անել, փորձեցի թույլ չտալ, ուղղակի շատ էին, հեռախոսս առգրավեցին: Տարոնին էլ վերջին պահին հայտարարեցին, որ ձերբակալված է»:
Քննչականից չեն մեկնաբանում ձերբակալության մասին լուրը, խոստանալով քիչ անց հաղորդագրություն տարածել: