ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հաստատել է, որ Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինային Patriot համակարգը փոխանցելու հարցը։
«Նրանք կցանկանային դա, նրանք խնդրանք են ներկայացրել։ Դրանք իսկապես հազվադեպ են, քանի որ Ուկրաինա են ուղարկվել բազմաթիվ համակարգեր, բայց նրանք կցանկանային դա։ Ես գիտեմ, որ նրանք խնդրանք են ներկայացրել։ Մենք պետք է քննարկենք դա։ Դա շատ թանկ, շատ թանկ համակարգ է։ Եվ ցավալի է, որ մենք ստիպված ենք այդքան շատ գումար ծախսել պատերազմի վրա, որը տեղի չէր ունենա, եթե ես նախագահ լինեի», - ասել է նա։
Թրամփը հավելել է, որ Ուկրաինան «շատ ուժեղ հարված է ստանում», ուստի Սպիտակ տունը «կուսումնասիրի դա»։
Reuters-ն ավելի վաղ, հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ-ն հրետանային արկեր և հրթիռներ է մատակարարում Ուկրաինա: Պաշտոնյաները, անանունության պայմանով, ասել են, որ Ուկրաինային այժմ մատակարարվում են 155 մմ հրետանային արկեր և GMLRS հրթիռներ։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դոնալդ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային պաշտպանական բնույթի հավելյալ սպառազինություն կմատակարարի, որպեսզի այն կարողանա պաշտպանվել Ռուսաստանի հարվածներից։ ԱՄՆ նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ առաջ Պենտագոնը հայտնել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է Ուկրաինային որոշ զինատեսակների մատակարարումը՝ ամերիկյան պաշարների սուղ լինելու պատճառով: