ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Թվարկելով նախագահ Թրամփի պաշտոնավարման վեց ամիսների ընթացքում արտաքին հարաբերությունների ոլորտում արձանագրված ձեռքբերումները՝ պետքարտուղարը նաև Երևանի ու Բաքվի միջև բանակցություններն է հիշատակել։
«Հուսով ենք՝ շուտով կլինի նաև խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ամբողջ Մերձավոր Արևելքն ու դրա ենթակառուցվածքը հիմա կարող են փոխվել Սիրիայի և Լիբանանի պատճառով։ Եվ դեռ նույնիսկ վեց ամիս չի անցել», - ասել է Ռուբիոն։
Ավելի ուշ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը, պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից ակտիվ ներգրավվածություն կա՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, և ի՞նչն է ԱՄՆ պետքարտուղարին ստիպում հավատալ, որ այդ գործընթացը դրական ավարտ է ունենալու, ասել է՝ Ռուբիոյի համար կարևոր էր այդ հայտարարությունն անելը։
«Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ», - ասել է Բրյուսը։
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ևս մեկ վերջին քայլ. Հաջիև