Պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց, փոխանցում է փաստաբան Սմբատ Մինասյանը:

Պաշտպանն «Ազատությանն» ասաց, որ որոշումը կայացվել է գործին խոչընդոտելու հիմքով: Մյուս երկու՝ փախուստի դիմելը, նոր հանցանք կատարելու հիմքերը դատավորն անհիմն է համարել:

«Տեսակցություններն էլ սահմանափակեց՝ բացառությամբ մերձավոր ազգականների և իհարկե, պաշտպանների: Կալանքի հիմքում, ըստ էության, 3 հիմք էր դրված: Դատարանն արձանագրեց, որ առնվազն 2 հիմքը բացակայում է, մասնավորապես նոր հանցանք կատարելը և փախուստի դիմելը, թաքնվելը, և միայն խոչընդոտելու հավանականությունը գնահատելով իրատեսական՝ դատարանը նման որոշում կայացրեց», - նշեց նա:

Փաստաբանը նաև հայտնեց, որ բողոքարկելու են որոշումը. «Բողոքի մեջ կներառենք ինչպես բացարկի հետ կապված խնդիրները, նաև որոշմամբ անդրադարձ կա կատարված մի քանի խնդիրների, մասնավորապես անձեռնմխելիության հետ կապված: Դրա մասով էլ հատուկ վերանայման բողոք կներկայացնեմ: Վերաքննիչ քրեական դատարանից ակնկալիքներ ունենք, որ առնվազն արդարադատություն կիրականացվի»:

Նախօրեին Սարգսյանն անձեռնմխելիությունից զրկվեց, իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը կողմ քվեարկեց նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և կալանավորելու՝ գլխավոր դատախազի միջնորդությանը:

Իրավապահների ձևակերպմամբ՝ «հեղաշրջման պլանի» գործով անցնող պատգամավորը մեղադրվում է հարվածային խմբերում ցուցարարներ հավաքագրելու համար: Ազատությունից զրկելու հիմքերից մեկն էլ, ըստ գլխավոր դատախազի, այն է, որ Սարգսյանը կարող է փախուստի դիմել:

Արթուր Սարգսյանի պաշտպանները պնդում են, որ պատգամավորին առաջադրված մեղադրանքն անհիմն է:

«Այն մեղադրանքները, որոնք փորձ է արվում մեղսագրել, դրա հիմքերը, դրա անհրաժեշտ հիմնավորումներն առկա չեն, և կրկին խոսքը վերաբերում է պարզապես նախապատրաստության մասին, որի միակ հիմքն էլ փաստացի ստացվում է՝ կենցաղային բնույթի խոսակցություններն են», - ասաց փաստաբաններից Արամ Վարդևանյանը:

Նախաքննական մարմինը ձայնագրություններ էր հրապարակել «իշխանությունը զավթելու խոսակցությունների վերաբերյալ»: Իրավապահները պնդում են՝ այդ ձայնագրություններում նաև Սարգսյանի ձայնն է: Ինքը՝ Սարգսյանն իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում է համարում, նույն դիրքորոշումն ունեն նաև պատգամավորի մյուս ընդդիմադիր գործընկերները, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից: Իշխանականները հայտարարում են, որ սա իրավական գործընթաց է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը խորհրդակցական սենյակ է գնացել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը քննում է Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը